Սերժ Սարգսյանի ելույթի բովանդակությունը Հայաստանի ներքաղաքական կյանքում նոր իրավիճակ է ստեղծում՝ հայտարարել է ՀԱԿ-ը։ «Ամբողջ ելույթի միակ թիրախը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է, ում մեղադրելով հազար ու մի հանցանքների մեջ, Սերժ Սարգսյանը սպառնալիքներով նրանից, ըստ էության, պահանջում է հեռանալ քաղաքականությունից և զբաղվել միայն գործարարությամբ։ Այսպիսի մի պահանջն ինքնին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության կոպտագույն խախտում է»,- ասված է ՀԱԿ-ի հայտարարությունում։
Կուսակցությունը նշել է, որ քաղաքականությամբ զբաղվելը յուրաքանչյուր քաղաքացու լիակատար իրավունքն է, ու չկա սահմանադրական որևէ դրույթ կամ լիազորված մարմին, որը սահմանափակի կամ արգելի։
ՀԱԿ-ը նշել է, որ Գագիկ Ծառուկյանի առջև փաստացի դրված երկընտրանքի հիմքում ընկած են Սերժ Սարգսյանի հետևյալ հիմնական «մեղադրանքները»։
«Ստացվում է, որ Սերժ Սարգսյանը, իր պաշտոնական դիրքը չարաշահելով, ծածկել, պարտակել է Ծառուկյանի «հանցանքները», որքանո՞վ է դա հարիր երկրի նախագահի կոչմանը։ Այսինքն՝ եթե Գագիկ Ծառուկյանին Սերժ Սարգսյանն այս հիմքով «հանցագործի» պիտակ է փակցնում, ինքն էլ հայտնվում է նվազագույնը «իմացող չհայտնողի» կարգավիճակում»,- ասված է հայտարարությունում:
ՀԱԿ-ը նաև նշել է, որ եթե նախագահն այս ամենը ժամանակին իմանալով չի բացահայտել, այսօր Սերժ Սարգսյանի ելույթն ու սպառնալիքները բացահայտ քաղաքական հաշվեհարդարի հրահանգ են իր քաղաքական հակառակորդի նկատմամբ։ «Այն մեղադրանքները, որ ապրիորի ներկայացվում են Գագիկ Ծառուկյանին, տասնապատիկ ծավալով ու ակնհայտ փաստերով վերաբերում են ՀՀԿ «էլիտայի» 90 տոկոսին, և այս համոզումը ողջ ժողովրդի սեփականությունն է»,- ասված է հայտարարությունում։
ՀԱԿ-ը նաև ընդգծել է, որ Սերժ Սարգսյանի ելույթը «խոցելի է բոլոր՝ թե իրավական, թե քաղաքական, թե բարոյական առումներով, չխոսած՝ քաղաքական հարաբերությունների տարրական նորմերը խախտելու, անձնական վիրավորանքների մակարդակի իջնելու մասին»։
Կուսակցությունը դատապարտել է «իշխանության կողմից քաղաքական առողջ մրցակցության սահմանադրական նորմերի լիակատար ոտնահարումը, քաղաքական հաշվեհարդար մեթոդին ապավինելը, ինչը արվում է Սերժ Սարգսյանի խնդրո առարկա ելույթով»։
«Կոնգրեսն այս ամենը դիտարկում է, որպես իշխող ռեժիմի սեփական մեղքերից հանրային կարծիքը շեղելու անհաջող փորձ: Ժողովուրդը շատ հստակ գիտակցում է, թե ով է մեղավոր երկրի ներկա աղետալի վիճակի համար և ի վերջո պատասխանի է կանչելու իրական հանցագործներին»,- ասված է հայտարարությունում: